ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով հետաձգել է ավելի քան 75 երկրների նկատմամբ հայելային մաքսատուրքերի կիրառումը։ Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը անմիջապես բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման տուրքը՝ այն հասցնելով մինչեւ 125%-ի։
«Հիմնվելով այն փաստի վրա, որ ավելի քան 75 երկրներ դիմել են ԱՄՆ ներկայացուցիչներին, այդ թվում՝ առեւտրի, ֆինանսների նախարարություններին եւ ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչությանը (USTR)՝ խնդրելով բանակցություններ վարել առեւտրին, առեւտրային խոչընդոտներին, մաքսատուրքերին, արժութային մանիպուլյացիաներին եւ ոչ դրամական տուրքերին վերաբերող քննարկվող հարցերի լուծման ուղղությամբ, եւ այն հարցի վրա, որ այս երկրները իմ հորդորով չեն ձեռնարկել որեւէ պատասխան քայլ Միացյալ Նահանգների դեմ, ես թույլ տվեցի 90-օրյա դադար հաստատել»,— գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտարարել է, որ այս ժամանակահատվածում նշված երկրների հետ փոխադարձ մաքսատուրքերը նվազեցվում են մինչև 10%։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների՝ ներառյալ Չինաստանի ապրանքների նկատման համար փոխադարձ մաքսատուրքերի կիրառման մասին։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանեցին լրացուցիչ 34% մաքսատուրք։ Ապրիլի 9-ին ԱՄՆ-ը, պատասխանելով Պեկինին, եւս 50 տոկոսային կետով բարձրացրեց Չինաստանից ներմուծման մաքսատուրքը՝ այն հասցնելով 104%-ի։