Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների հերթական բանակցությունները: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նախօրեին հայտնել էին, որ խոսքը վերաբերելու է Մոսկվայում եւ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորմանը:
Բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում: Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով Սոնատա Քոուլթերը:
Սա Ստամբուլում անցկացվող բանակցությունների երկրորդ փուլն է, նախորդը տեղի էր ունեցել փետրվարի վերջին՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում:
«Ուկրաինան բացարձակապես օրակարգում չէ»,- հանդիպման նախորդող օրը հայտարարել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը: Նա ընդգծել էր, որ խոսք չի լինելու նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր կարգավորման մասին, դիվանագետները կենտրոնանալու են հենց դեսպանատների բնականոն աշխատանքի վերականգնման հարցի վրա: Վերջին տարիներին այն զգալիորեն սահմանափակվել էր դիվանագետների եւ դեսպանատների աշխատակիցների արտաքսումների հետեւանքով, ինչպես նաեւ դեսպանատներում աշխատող անձնակազմի թվի վրա սահմանված սահմանափակումներից հետո: