Ուկրաինական հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որ ռուսական բանակում կռվում է առնվազն 155 Չինաստանի քաղաքացի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքերով՝ ռուսական իշխանությունները սոցիալական ցանցերի միջոցով տարածում են գովազդային հոլովակներ՝ պայմանագիր կնքելու կոչերով:
«Հասկանալի է, թե ինչպես են նրանց հավաքագրում: Սխեմաներից մեկը՝ սոցիալական ցանցերով, մասնավորապես՝ TikTok-ի եւ այլ չինական սոցիալական ցանցերի միջոցով, որտեղ ռուսները տարածում են գովազդային հոլովակներ: Պաշտոնական Պեկինը տեղյակ է դրանից,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ «Украинская правда»-ն, հղում կատարելով «Լուգանսկ» օպերատիվ-մարտավարական խմբի հաղորդակցության բաժնից ստացած տեղեկությանը, հայտնել էր Դոնեցկի մարզում գերեվարված Չինաստանի քաղաքացիներից մեկի ցուցմունքների մասին: Զինվորականների տվյալներով՝ նա պատմել է, որ բանակ է մտել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով, իսկ ռազմական պատրաստությունն անցել է Լուգանսկի մարզի օկուպացված հատվածում: Տղամարդը հայտնել էր, որ Չինաստանում միջնորդին վճարել է 300 հազար ռուբլի՝ ռուսական բանակ մտնելու համար:
Ապրիլի 8-ին Զելենսկին հայտնել էր Դոնեցկի մարզում Ռուսաստանի կողմից կռվող ՉԺՀ մի քանի քաղաքացիների գերեվարման մասին: Նա արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային հանձնարարել էր անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ եւ պարզել, թե ինչպես է Չինաստանը պատրաստվում արձագանքելու դրան: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն էր նաեւ հրավիրվել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ բացատրություններ ներկայացնելու համար:
Չինաստանը հայտարարել է, որ իր զինվորականներին չի ուղարկել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելու համար: