Եվրամիության երկրները կողմ են արտահայտվել ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկին: Այդ մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքէջը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա պատասխան է ԱՄՆ-ի՝ Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու որոշմանը: «ԵՄ-ն ԱՄՆ-ի մաքսատուրքերը համարում է անհիմն եւ կործանարար, որոնք տնտեսական վնաս են հասցնում երկու կողմերին, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությանը»,- հայտարարել են Եվրահանձնաժողովից՝ ընդգծելով, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ հասնելու «արդար եւ հավասարակշռված պայմանավորվածությունների»:
Թե կոնկրետ երբ եւ որ ապրանքատեսակենրի համար են սահմանվելու մաքսատուրքերը, մամուլի հաղորդագրության մեջ նշված չէ:
Ըստ Euractiv պարբերականի տվյալների՝ ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից ներմուծվող 22 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելուն: «Կողմ» են քվեարկել 26 երկրներ, դեմ է արտահայտվել միայն Հունգարիան: Մաքսատուրքերի չափը կլինի 10%-ից մինչեւ 25% «ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի եւ ալյումինի» համար:
Ենթադրվում է, որ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կսկսեն գործել ապրիլի 15-ից, իսկ դրանց մեծ մասը կկիրառվի մայիսի 16-ից:
Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար: Դրանից հետո Եվրահանձնաժողովը հայտարարեց «արագ եւ համաչափ» հակաքայլեր ձեռնարկելու մասին՝ ԱՄՆ-ից Եվրամիություն ներմուծվող ապրանքների նկատմամբ:
Reuters գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիությունը պլանավորում է մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մսի, հացահատիկի, գինու, փայտանյութի, հագուստի, մաստակի, ատամի թելի, փոշեկուլների եւ զուգարանի թղթի վրա: