Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանը այսօր առավոտյան հայտարարել էր, թե հայակական ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի դիրքերից, որից հետո «համարժեք քայլեր են ձեռնարկել»։
Նախօրեին Բաքուն եւս նման երկու հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե հայկական կողմը այս անգամ կրակ է բացել Վարդենիսի, Վերին Շորժայի եւ Տավուշի դիրքերից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր բոլոր այս հայտարարությունները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Բացի այդ՝ նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք հայլական կողմին փոխանցելու պարագայում։