Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ապրիլի 10-ի առավոտյան Աբու Դաբիում գերիների փոխանակում են անցկացրել «ի նշան երկրների միջեւ վստահության շարունակական ամրապնդման», գրում է The Wall Street Journal-ը։
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Քսենիա Կարելինային, որը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման դավաճանության մեղադրանքով՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին նվիրատվություններ անելու համար։ Կարելինայի ազատման մասին տեղեկությունները «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Միխայիլ Մուշայլովը` հավելելով, որ նա արդեն կապ է հաստատել հարազատների հետ:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ը ազատ է արձակել Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արթուր Պետրովին, որը կալանավորվել էր 2023 թվականին Կիպրոսում՝ Միացյալ Նահանգների խնդրանքով ռազմական միկրոէլեկտրոնիկայի ենթադրյալ արտահանումների համար։
Պարբերականի տվյալներով՝ փոխանակման շուրջ բանակցությունները վարել է ԱՄՆ Կենտրвնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Մասնավորապես, նա մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։
Աբու Դաբիի օդանավակայանում փոխանակմանը ներկա է եղել անձամբ Ռեթքլիֆը։
«Այսօր նախագահ Թրամփը Ռուսաստանից տուն բերեց մեկ այլ անօրինական կալանավորված ամերիկացու: Ես հպարտ եմ ԿՀՎ-ի սպաներով, որոնք անխոնջ աշխատեցին աջակցելու այս ջանքերին, եւ մենք երախտապարտ ենք ԱՄԷ կառավարությանը այս փոխանակումը հնարավոր դարձնելու համար»,- մեջբերում է WSJ-ը ԿՀՎ ղեկավարի խոսքերը:
Սա Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանտարկյալների երկրորդ փոխանակումն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Փետրվարին Ռուսաստանը բանտից ազատ արձակեց ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին, որը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման թմրանյութեր տեղափոխելու գործով։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն էլ ազատ էր արձակել BTC կրիպտոբորսայի հիմնադիր Ալեքսանդր Վիննիկին, որը մեղադրվում էր առնվազն չորս միլիարդ դոլարի լվացման համար։
Այս փոխանակումներից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների մեկնարկի մասին։