ԱՄՆ-ը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու Իրանի դեմ։ Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե պետք լինի, միանշանակ այո՛»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա բանակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։ «Մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ։ Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Բայց Իրանի դեպքում, այո՛, եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք: Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն առաջատարը այս հարցում,- ասել է Թրամփը եւ հավելել,- բայց մեզ ոչ ոք չի վերահսկի, մենք կանենք այն, ինչ ուզում ենք»։
Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ բանակցությունները կանցկացվեն ուղիղ։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ դրանք անցկացվելու են միջնորդների միջոցով։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թեհրանը պահանջում է վերջնական տեսքի բերել դեռեւս 2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը՝ առաջարկելով փաստաթղթում ամրագրել այն կողմի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որը հետագայում կարող է որոշել դուրս գալ համաձայնագրից։ ԱՄՆ-ը իր հերթին պահանջում է ոչ միայն կանխել իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի զարգացումը, այլ նաեւ ամբողջովին վերացնել իրանական միջուկային բոլոր օբյեկտները։ Բացի այդ՝ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը դադարեցնի աջակցությունը Մերձավոր Արեւելքում իր դաշնակից շիայական ռազմականացված շարժումներին եւ սահմանափակի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը: Իրանը կտրականապես մերժում է իր արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանական հնարավորությունները սահմանափակելու ցանկացած փորձ՝ մատնանշելով խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու իր իրավունքը։