Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում կիրականացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։ Այս որոշումն այսօր՝ ապրիլի 10-ին, չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է Կառավարությունը։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը 40,000 դրամ է՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից։
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք.
- չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,
- որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),
- որոնց անդամները միեւնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,
- որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա, կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Համապատասխան միջոցառմանը կկարողանան դիմել ապրիլի 22-ից սկսած` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով։
Ծրագրի շահառու կլինի մոտ 3 հազար ընտանիք՝ ընդհանուր 11 հազար 430 անդամով։ Օգնությունը չի տրամադրվի այն անձանց, որոնք, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկության համաձայն, Հայաստանում չեն։