Իրանը կդադարեցնի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ եւ երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը շարունակեն սպառնալ Իսլամական Հանրապետությանը ռազմական ուժի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։
«Օտար երկրների կողմից շարունակվող սպառնալիքները եւ Իրանի վրա ռազմական հարձակման փորձը կարող են հանգեցնել զսպող միջոցների կիրառման, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների արտաքսումը եւ նրա հետ համագործակցության դադարեցումը: Մեկ այլ միջոց կարող է լինել հարստացված [ուրանի] տեղափոխումը Իրանի ներսում անվտանգ եւ անհայտ վայրեր»,- գրել է Շամախանին X-ի էջում:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն չբացառեց միջնորդավորված բանակցությունների հնարավորությունը։ Մարտի 30-ին էլ Թրամփը հայտարարեց, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի դեմ, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն: Նա նաեւ սպառնացել էր աննախադեպ ռմբակոծության ենթարկել Իսլամական Հանրապետությունը, եթե գործարքն ամբողջությամբ ձախողվի։ Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ կարժանանա վճռական պատասխանի։
Ապրիլի 7-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա։
Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։