Եթե Երեւանը Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանից բխող սպառնալիքներ տեսնի, անպայման հանրությանը կհայտնի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ մարտի վերջերից Բաքուն հայտարարություններ է տարածում իբր հայակական կողմից սահմանագոտու արեւելյան ու հարավարեւելյան հատվածներում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որոնք Երեւանը հերքում է։ Վերջին օրերին էլ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանամերձ շրջանների բնակիչներն են հայտնում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի եւ կուտակումների մասին։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԱԽ քարտուղարը տեղեկություններ ունի բնակիչների նկատած ադրբեջանական զորքերի կուտակումների մասին, Գրիգորյանը նշել է․ «Եթե որեւէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ»։
Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Ադրբեջանին ներկայացրած առաջարկի շուրջ։
Հիշեցնենք՝ դեռ 2024-ի հունիսին էր ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Հայկական կողմի առաջարկին Բաքուն մինչ օրս չի պատասխանել։