ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը։ Այդ մասին ասվում է Նովրուզի տոնի առիթով ԱՄՆ նախագահի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորական նամակում։
Ադրբեջանական Azertac լրատվականի հաղորդմամբ՝ նամակի տեքստում ընդգծելով, որ Նովրուզը խաղաղության, բարգավաճման եւ համընդհանուր վերաթարմացման տոն է՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Մեր երկրները միասին աշխատելու երկար պատմություն ունեն, հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք դեպի մեծ ձեռքբերումներ»։
«Շնորհակալ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հանդեպ ցուցաբերած աջակցության եւ բարեկամության համար եւ ողջունում եմ այն քայլերը, որոնք դուք եւ Հայաստանը կատարում եք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է նամակի տեքստում։
Թրամփը նաեւ նշել է, որ անհամբեր սպասում է Ալիեւի հետ աշխատելուն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»։