Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներն իրենց առաջին «տեխնիկական» հանդիպումն են անցկացրել Ադրբեջանում, որի ընթացքում քննարկել են Սիրիայում «անցանկալի» միջադեպերը կանխելու եւ դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծման հարցերը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ այս հանդիպումը դարձել է Սիրիայում հավանական բախումներից խուսափելու համար Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կապեր հաստատելու մեկնարկային կետը։ Սա հնարավորություն կտա, որ կողմերը Արաբական Հանրապետության տարածքում իրականացվող գործողությունների ժամանակ խուսափեն հավանական բախումներից։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ թուրք եւ իսրայելցի պաշտոնյաները բանակցություններ են վարում Սիրիայում լարվածությունը նվազեցնելու համար։ Նա միեւնույն ժամանակ ընդգծել է, որ այդ բանակցությունները միտված չեն թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը, որը վատթարացել էր Գազայում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության ֆոնին։
ԱՄՆ կատարած վերջին այցն ամփոփելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել էր, որ Իսրայելը դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմակայանների տեղակայմանը եւ անելու է ամեն բան դա թույլ չտալու համար։ Միեւնույն ժամանակ նա հավելել էր, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտության դեպքում կդիմի ԱՄՆ նախագահ Թրամփի օգնությանը։
Ապրիլի 7-ին իսրայելական Ynet պորտալն էր աղբյուրներին հղում կատարելով գրել, որ Նեթանյահուի կառավարության ներսում մտավախություն կա, որ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում գտնվող ռազմակայանները անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, ինչը կդժվարացնի սահմանների պաշտպանության գործողությունները եւ կարող է հանգեցնել ռազմական հակամարտության:
Պորտալը նաեւ գրել էր, որ Իսրայելը ցանկանում է Սիրիան ժամանակավորապես ազդեցության գոտիների բաժանել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ անցումային կառավարության մասնակցությամբ, մինչեւ իրավիճակի վերջնական կայունացումը:
Անկարան երկար տարիներ աջակցել է Սիրիայի իսլամական ընդդիմադիր ուժերին, որոնք շուրջ 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո 2024 թվականի դեկտեմբերին տապալեցին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը եւ նոր կառավարություն ձեւավորեցին։
Սիրիայում Անկարայի աճող ազդեցությունը անհանգստություն է առաջացրել Իսրայելում, որը կանոնավոր օդային եւ ցամաքային գործողություններ է իրականացնում սիրիական ուժերին իր սահմաններից հեռու պահելու համար:
Նշենք նաեւ, որ 2023 թվականի հոկտեմբերին, երբ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի տարածքում, որպես ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը պատասխան քայլ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց «պետական ահաբեկչության» եւ «ցեղասպանության» համար։