Ստամբուլում ավարտվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման շուրջ խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունները տեւել են հինգուկես ժամ։
Բանակցություններն ընթացել էին Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության շենքում՝ փակ ձեւաչափով։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը չեն նախատեսում մամուլի հայտարարություններ անել։ Հանդիպման արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն երկրների արտգործնախարարությունների կողմից։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը նախատեսում էր ամերիկյան կողմի հետ քննարկել նախկինում առգրավված դիվանագիտական գույքի վերադարձը եւ ուղիղ օդային հաղորդակցության վերսկսումը։ Նշվել էր նաեւ, որ բանակցությունների ընթացքում կողմերը կշարունակեն աշխատել դիվանագետների գործունեությունը խոչընդոտող բազմաթիվ տեխնիկական արգելքների վերացման ուղղությամբ։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունների աշխատանքը քննարկելու նպատակով ռուս-ամերիկյան առաջին բանակցությունները Ստամբուլում կայացել էին փետրվարի 27-ին։