ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել եւ արդեն հրահանգներ է ուղարկել գերատեսչություններին, թե ինչպես իրականացնել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու ծրագիրը, The New York Times-ին այդ մասին հայտնել են կառավարության աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ ծրագրվում է զանգվածային մեդիա արշավ կազմակերպել։ Դրա նպատակը լինելու է այն, որ կղզու բնակիչներն իրենք շահագրգռված լինեն եւ խնդրենմ որ Գրենլանդիան միացվի ԱՄՆ-ին։
Մեկ այլ աղբյուր էլ պատմել է, որ Թրամփի խորհրդականները քննարկում են գովազդի եւ սոցիալական ցանցերի միջոցով քարոզչական արշավ կազմակերպելու հնարավորությունը, որպեսզի ԱՄՆ-ի համար շահավետ հասարակական կարծիք ձեւավորվի կղզու միացման հարցի շուրջ։
Ըստ The New York Times-ի այս ծրագիրը մեծ հավանականությամբ արդեն իրականացվում է։ Այսպիսով՝ ԱՄՆ կառավարությունը հրապարակավ պնդում է, որ Դանիան վատ աշխատանք է կատարել կղզու բնակիչների կարիքները հոգ տանելու համար, ինչպես նաեւ պնդում է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանի եւ Չինաստանի ներխուժումից։ Բացի այդ՝ Թրամփն էլ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները կօգնի գրենլանդացիներին «հարստանալու»։
Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է նաեւ գրենլանդացիների համար ֆինանսական խթանները, այդ թվում՝ փոխարինելով 600 միլիոն դոլարի սուբսիդիաները, որոնք Դանիան տրամադրում է կղզուն՝ յուրաքանչյուր բնակչի համար տարեկան մոտ 10,000 դոլար վճարմամբ:
Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ, հայտնում է պարբերականը, կարծում են, որ այդ ծախսերը կարող են փոխհատուցվել Գրենլանդիայի բնական պաշարների արդյունահանումից ստացված եկամուտներով, որոնք ներառում են հազվագյուտ հողային հանքանյութեր, պղինձ, ոսկի, ուրան եւ նավթ:
The Washington Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գրենլանդիայի հանքային պաշարների ստույգ տնտեսական օգուտները մնում են անորոշ: Հանքարդյունաբերությունը կարող է անկանխատեսելի լինել, իսկ տարածաշրջանի կոշտ կլիման դժվարացնում է գործընթացը: Բացի այդ՝ Գրենլանդիայի կառավարությունը նախկինում մերժել է հանքարդյունաբերությանն առնչվող որոշ նախագծեր:
Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիան վերահսկելը «բացարձակ անհրաժեշտություն» է ԱՄՆ-ի համար եւ ազգային անվտանգությունը ամրապնդելու միջոց։ Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել էր, որ «Գրենլանդիան չի վաճառվում»։