ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ուրբաթ կրկին մեկնել է Ռուսաստան, որտեղ, ինչպես ակնկալվում է, կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին գրում է Axios կայքը՝ հղում կատարելով Flightradar24 ծառայության տվյալներին, ինչպես նաեւ տեղեկացված աղբյուրին:
Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես նաեւ ռուսական կողմը, դեռեւս չեն հաստատել այս այցի մասին տեղեկությունները։
Ինչպես նշում է Axios-ը, եթե տեղեկությունները հաստատվեն, եւ Ուիթքոֆն իսկապես հանդիպի Պուտինի հետ, դա կլինի նրա երրորդ հանդիպումը ՌԴ նախագահի հետ վերջին ամիսների ընթացքում:
Ռուսական տելեգրամյան ալիքները, ինչպես նաեւ «Важные истории»-ն, հղում կատարելով մշտադիտարկման ծառայություններին, գրում են, որ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում: Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի մոտ ուրբաթ օրվա համար նախատեսված է շրջանային այց, հետեւաբար Պետերբուրգը համարվում է նրա եւ Ուիթքոֆի հանդիպման հավանական վայրը:
Axios-ը նշում է, որ Թրամփը վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկին համաձայնել չցանկանալու առնչությամբ եւ հասկացրել, որ եթե մեկ ամսվա ընթացքում համաձայանգիր չստորագրվի, կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ: Նախորդ շաբաթ Վաշինգտոն էր այցելել Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը, սակայն բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ուիթքոֆը փետրվարին եւ մարտին ներգրավված էր եղել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններ վարող ԱՄՆ պատվիրակության կազմում։ Լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ նրա մի շարք հայտարարություններ, մասնավորապես, որ Ուկրաինան կարող էր Ռուսաստանին զիջել մի շարք տարածքներ, դժգոհություն էին առաջացրել Կիեւում: