ԱՄՆ-ը եւ Իրանը հեշտությամբ կկարողանան համաձայնության գալ Օմանում սպասվող բանակցությունների ընթացքում, եթե Թեհրանից Վաշինգտոնի միակ պահանջը լինի միջուկային զենքի ստեղծումը դադարեցնելը: Այս մասին Սերբիայի ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը: Այսպիսով, եթե ամերիկացիների միակ պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք»,- նշել է Թախտ-Ռավանչին:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ եթե Օմանում բանակցությունների բոլոր մասնակիցները «քաղաքական կամք ունենան», ապա հնարավոր կլինի նոր համաձայնության գալ։ «Սակայն եթե ինչ-որ մեկը ցանկանա բանակցություններում այլ բաներ ներառել եւ դրանով իսկ բարդացնել աշխատանքը, մեզ որեւէ բան չի հաջողվի»,- ընդգծել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջեւ բանակցությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 12-ին Օմանում։ Հիմնական բանակցողները կլինեն Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն ոչ թե ուղիղ, այլ օմանական կողմի միջնորդությամբ։ Իր հերթին Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն էլ հայտարարել է, որ առաջիկա իրադարձությունը կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։