Եվրամիությունը կշարունակի աշխատել ԱՄՆ-ի բարձրացրած մաքսատուրքերի դեմ պատասխան միջոցների վրա` չնայած դրանց մի մասի կասեցմանը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվրահանձնաժողովի հետ մենք պետք է ցույց տանք մեր ուժը. Եվրոպան պետք է շարունակի աշխատել բոլոր անհրաժեշտ հակաքայլերի վրա եւ օգտագործի բոլոր առկա լծակները՝ իրեն պաշտպանելու եւ երրորդ երկրներից մեր շուկան ապակայունացնելու [ապրանքային] հոսքերը կանխելու համար»,- գրել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ 90 օրով ամերիկյան մաքսատուրքերի կասեցումը միայն «փխրուն ընդմիջում» է: «Այն փխրուն է, քանի որ պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների համար 25% մաքսատուրքերը, ինչպես նաեւ մնացած բոլոր ապրանքների համար 10% մաքսատուրքերը դեռեւս գործում են: Դրանք ԵՄ-ին արժեն 52 միլիարդ եվրո: Այս ընդմիջումը փխրուն է նաեւ այն պատճառով, որ նշանակում է 90 օր անորոշություն մեր բոլոր ձեռնարկությունների համար՝ գործող Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում եւ դրանից դուրս»- նշել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ Եվրոպան մտադիր է պաշտպանելու իրեն եւ հասնելու մաքսատուրքերի վերացմանը ԱՄՆ-ի հետ արդար համաձայնագրի շրջանակում։
La suspension partielle des tarifs américains pour 90 jours est un signal et une porte ouverte à la négociation.
Mais cette pause reste fragile.
Fragile, car les droits de 25% sur l’acier, l’aluminium et l’automobile et les tarifs à 10% sur tous les autres produits…
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 11, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց 185 երկրներից եւ տարածքներից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին: 10% համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները՝ ապրիլի 9-ից: Բացի այդ` ԱՄՆ-ի վարչակազմը ապրիլի 3-ից 25% մաքսատուրքեր է սահմանել բոլոր ներկրվող ավտոմեքենաների համար:
Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ 90 օրով կասեցնում է փոխադարձության սկզբունքով սահմանված լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը մի շարք երկրների եւ տարածքների նկատմամբ: Սպիտակ տնից պարզաբանել են, որ այդ ընդմիջումը կապված է առեւտրային բանակցությունների անցկացման հետ: Այդ ժամանակահատվածում կգործի 10% համընդհանուր մաքսատուրք: