Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Ռուբինյանը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը եւ լուսանկարներ հրապարակել հանդիպումից։
Had a good discussion on #Armenia—#Turkiye normalization process with @serdarkilic9 in @AntalyaDF. pic.twitter.com/ocqa2z5OKp
— Ruben Rubinyan (@RubenRubinyan) April 11, 2025
Անթալիայում այսօր մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու նպատակով այնտեղ են ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի հուլիսին Վիեննայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենասեղմ ժամկետներում բացել միջպետական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, որը մինչ այժմ կյանքի չի կոչվել։
Անկարան բազմիցս է հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում սահմանների բացման գործընթացը, փոխկապակցված է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։