Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Նա հայտարարել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում երկիրը «հետեւում է խաղաղ եւ պրագմատիկ տեսլականին»:
«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խաղաղ պատկերացում ունենք, մեր տարածքի մոտավորապես 20%-ը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, եւ նույնիսկ այս պայմաններում մենք շատ խաղաղ եւ պրագմատիկ դիրքորոշում ունենք։ Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց միաժամանակ վարում ենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն, եւ առեւտրային գործընկերություն ունենք։ Սա նույնպես մեր դիրքորոշման մի մասն է»,-ասել է Իրակլի Կոբախիձեն։
Թուրքիայում ապրիլի 11-13-ը կայանալիք դիվանագիտական ֆորումի հիմնական թեման է՝ «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում»:
Պանելային քննարկումներին առաջիկայում կմասնակցեն նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Մակա Բոչորիշվիլին ու Ջեյհուն Բայրամովը։