Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ հանդիպման հնարավորության մասին հայտնել էր Axios պարբերականը:
Պեսկովի խոսքերով՝ հանդիպման թեման կլինեն «ուկրաինական կարգավորման ասպեկտները», իսկ բանակցությունները կտեւեն «այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահ Պուտինին»:
Կրեմլի խոսնակը նաեւ զգուշացրել է, որ Ուիթքոֆի՝ ՌԴ կատարած հերթական այցը «չի կարելի ճակատագրական անվանել», եւ հանդիպումից բեկումներ չեն սպասվում: «Սա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական աշխատանքի շարունակությունն է»,- հավելել է նա:
Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ-ի համար այս բանակցությունները լավ հնարավորություն են «Ուիթքոֆին փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշման հիմնական տարրերը, Ռուսաստանի հիմնական մտահոգությունները, որոնք հետագայում հայտնի կդառնան [ԱՄՆ] նախագահ [Դոնալդ] Թրամփին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 11-ին է ժամանել Սանկտ Պետերբուրգ: Սա նրա երրորդ այցն է Ռուսաստան վերջին երկու ամսվա ընթացքում:
Համաձայն Axios-ի տվյալների՝ Ուիթքոֆը Ռուսաստան է ժամանել Պուտինի հետ հանդիպելու համար: Պարբերականի աղբյուրները նշել են, որ Թրամփը հիասթափված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան դեռեւս զինադադար չեն կնքել: Նրանց խոսքերով՝ եթե մինչեւ ապրիլի վերջը հաշտության համաձայնագիր չկնքվի, ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: