Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։
«Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»,- ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հայտարարության տեքստում։
Մայր Աթոռը հիշեցնում է, որ ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության եւ ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով»,- ասվում է հայտարարության տեքստում։
Մայր Աթոռը նաեւ խոստանում է միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։
«Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ամբողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության յուրացման եւ հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին»,- ասվում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հայտարարության մեջ։