ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Ռուսաստանին կոչ է արել «գործել» Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար:
«Ռուսաստանը պետք է սկսի գործել: Չափազանց շատ մարդիկ են զոհվում, շաբաթվա ընթացքում հազարավոր մարդիկ, այս սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր և չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»,- գրել է Թրամփը:
Fox News-ի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները «ձգձգում են» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները: Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ, պնդել է, որ Թրամփը «հիասթափված է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Այդ կապակցությամբ Սպիտակ տանը քննարկում են «պատժամիջոցների ագրեսիվ կիրառման» տարբերակը, որը պետք է հարվածի պատժամիջոցները շրջանցող եւ ռուսական նավթը այլ երկրներ տեղափոխող «ստվերային նավատորմին»։
Ապրիլի 11-ին Ռուսաստան է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Նա բանակցություններ կվարի Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ հանդիպման թեմաները կլինեն «ուկրաինական կարգավորման ասպեկտները», իսկ բանակցությունները կտևեն «այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահ Պուտինին»: Պեսկովը զգուշացրել է նաեւ, որ Ուիթքոֆի՝ ՌԴ կատարած հերթական այցը «չի կարելի ճակատագրական անվանել», և հանդիպումից բեկումներ չեն սպասվում: