Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ «Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ-ի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարեւոր հանգրվան: Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ Միրզոյանն ու Դոութը քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Մեր երկու երկրների միջեւ հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձեւավորել տարբեր ուղղություններով որակապես նոր եւ առավել խոր համագործակցության զարգացման համար, եւ մենք շարունակում ենք համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: