Սանկտ Պետերբուրգում` Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում, տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։ Այն տեւել է չորս ու կես ժամ։
Արարողակարգային նկարահանումից հետո Պուտինն ու Ուիթքոֆը փակ ձեւաչափով շարունակել են բանակցությունները։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկման թեման լինելու է Ուկրաինան։ Հանդիպումից հետո, ըստ Պեսկովի, կարող էր նաեւ տեղի ունենալ Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Արդյոք այն կայացել է, դեռ հայտնի չէ։
Սպիտակ տան ներկայացուցիչ Քարոլին Լիվիթն էլ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ուիթքոֆի այցը Ռուսաստան եւս մեկ քայլ է դեպի խաղաղություն։
Սա Պուտինի եւ Ուիթքոֆի արդեն երրորդ հանդիպումն է։
Պուտինի հետ հանդիպումից առաջ Ուիթքոֆը բանակցություններ է վարել արտասահմանյան երկրների հետ համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ։ Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր։ Առաջին բանակցությունները տեղի էին ունեցել Վաշինգտոնում անցած շաբաթ։
Ինչպես պնդում են Reuters-ի աղբյուրները, Դմիտրիեւի հետ առաջին հանդիպումից հետո Ուիթքոֆն իբր Թրամփին ասել է, որ խաղաղության հասնելու ամենաարագ ձեւը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի «Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու ռազմավարությանն աջակցելն է»։
Գործակալության երկու զրուցակիցները նշել են, որ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը չի աջակցել Ուիթքոֆին։ Ըստ պնդումների՝ Քելլոգը Թրամփին ասել է, որ «չնայած Ուկրաինան պատրաստ է քննարկելու որոշ պայմաններ, որոնք վերաբերում են այդ տարածքներին, այնուամենայնիվ, այն երբեք չի համաձայնի այդ շրջանների վերահսկողությունը միակողմանիորեն Ռուսաստանին հանձնելուն»։
Գործակալությունը նշում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները գնալով ավելի են տարբերվում իրենց տեսակետներով այն հարցի շուրջ, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնության։
Բացի այդ` Պուտինի հետ հանդիպումից առաջ Ուիթքոֆը նաեւ այցելել է Սանկտ Պետերբուրգի Մեծ սինագոգ, ապա նաեւ` Իսակովյան համալիր։