Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Հաղորդվում է նաեւ, որ կողմերը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից արդեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։
Վերջին օրերին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարություններ տարածում իբր սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում Հայաստանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ, որոնք Երեւանը հերքել էր։