Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առավոտյան հրապարակած հաղորդագրության մեջ պնդել էր, որ հայկական կողմը իբր կրակ է բացել Գորիսի եւ Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերից։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Բացի այդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Երեւանին փոխանցելու պարագայում։