Մասկատում սկսվել են Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները, որոնք ընթանում են Օմանի միջնորդությամբ։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի միջնորդությամբ սկսվել են Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի միջեւ անուղղակի բանակցությունները»,– գրել է Բաղաին X-ի իր էջում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ խորհրդակցությունները տեղի են ունենում այն շենքում, որն ընտրել է օմանական կողմը։ Նա ընդգծել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները տարբեր սենյակներում են։
Բացի այդ՝ Բաղաին իրանական պետական ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ բանակցությունների ներկա փուլում կողմերը կփոխանակվեն իրենց հիմնական դիրքորոշումներով։
«Սա դեռ սկիզբն է, բնականաբար այս փուլում կողմերը հիմնական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները կփոխանակեն Օմանի միջնորդների միջոցով, ուստի չենք ակնկալում, որ այս փուլը երկար կտեւի»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները վարելու են բանակցությունների առաջին փուլը։ Իրանական կողմը գլխավորում է Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանը ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպումից առաջ Արաղչին նշել էր, որ խորհրդակցությունները կվերաբերեն միայն միջուկային հարցերին, իսկ մյուս թեմաները կողմերը կսկսեն քննարկել բանակցությունների առաջընթացի ընթացքում։