Մոսկվան պատրաստակամ է աջակցելու Երեւան–Բաքու հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է այսօր Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ընդգծվել է 2020-2022 թվականների Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը»,– ասվում է հանդիպման մասին ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության տեքստում։
Գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, ինչպես նաեւ համատեղ միջոցառումների ժամանակացույցը, ներառյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին։
«Նախարարները կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։ Ընդգծվել է «3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության շարունակման կարեւորությունը, ինչպես նաեւ «Կասպյան հնգյակի» (ՌԴ, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենաստան) աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության եզրափակիչ հատվածում։