Հայաստանի Կառավարության ցանկությունն է կայուն եւ վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ, կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել, մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ Հայաստանի Հանրապետության Կառավարության ցանկությունն է կայուն եւ վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում եւ համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը»,- նշել է Միրզոյանը։
Նախարարը եւս մեկ անգամ իր խոսքում հիշեցրել է, որ Երեւանը ցանկանում է շուտափույթ խորհրդակցություններ սկսել պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար։
Միրզոյանը հաջորդիվ ընդգծել է, որ ներկա համաձայնագիրը չի կարող ամբողջությամբ լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած բոլոր խնդիրները՝ նկատելով, որ չկա որեւէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Նրա կարծիքով համաձայնագրի ստորագրումը կարող է հարաբերությունների հաստատման հիմք լինել, իսկ խնդրահարույց հարցերը քննարկել արդեն հետագայում ձեւավորվող համագործակցության շրջանակում։
«Հարցը հետեւյալն է․ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե՞ կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին: Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որեւէ հակամարտություն, բայց միեւնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը եւ ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Հաջորդիվ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն դիտարկումներին, թե ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ, Միրզոյանը նշեց․ «Ոչի՛նչ չկա: Հակառակը՝ մենք էլ մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի սահմանադրության մասին»։
Թե ինչու հայկական կողմը չի բարձրաձայնում այս խնդիրը, Միրզոյանը բացատրեց․ որովհետեւ խաղաղության պայմանագրի տեքստում հատուկ դրույթ կա այն մասին, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բացի այդ՝ մեկ այլ դրույթ էլ հստակեցնում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու այս համաձայնագրի իրագործման ձախողումը:
«Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարեւան երկրի Սահմանադրության մեջ էլ նշված է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է նախորդ հանրապետության իրավահաջորդը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր սուվերենությունը հռչակել է ավելի մեծ տարածքի վրա, քան ներկայիս Ադրբեջանն է՝ ներառելով անկախ Հայաստանի տարածքների 60 տոկոսը։ Այնպես որ հարցը կրկին վերաբերում է մոտեցումներին, նրան, թե ինչից ենք սկսում մեր երկխոսությունը։ Ուզում ենք բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո սկսե՛լ համագործակցությունը, թե հենվում ենք այն հարցերի վրա, որոնց վերաբերյալ արդեն ունենք համաձայնություն»,- ընդգծեց արտգործնախարարը։
Պատասխանելով նաեւ Բայրամովի այն հայտարարությանը, թե ՀՀ Սահմանադրությունից բխում է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին՝ Միրզոյանը բացատրեց, որ ՀՀ Սահմանադրությունը հանրային փաստաթուղթ է, եւ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել եւ տեսնել, որ դրանում չկա որեւէ դրույթ, որից կարելի է բխեցնել, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։