Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել են Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք նպատակուղղված էին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանական պատվիրակության անանուն անդամներից մեկը ISNA գործակալությանը հայտնել էր, որ բանակցությունները «ընդհանուր առմամբ հաջող են անցել»։
Իրանի արտգործնախարարությունը ավելի ուշ հայտնեց, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ավելի քան երկու ու կես ժամ տեւած անուղղակի բանակցություններից հետո՝ լքելով բանակցությունների վայրը, դեմ առ դեմ զրույց են ունեցել Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ։
Բացի այս գերատեսչությունը նաեւ հաղորդում է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։
Հաղորդագրության համաձայն կողմերը «փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի եւ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ»։
Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ ըստ այսօր ձեռք բերված պայմանավորվածության, կկայանա ապրիլի 19-ին։
«Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը։ […] Բոլոր գործընթացները կիրականացվեն նույն մակարդակով, նույնպես Օմանում, սակայն [այն կարող է անցկացվել] մի փոքր այլ վայրում», – հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իրանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Իրանն ու ԱՄՆ-ը ձգտում են հնարավորինս արագ հասնել համաձայնության, նշել է նախարարը։
«Ոչ մենք, ոչ մյուս կողմը չենք ցանկանում աննպատակ բանակցություններ, բանակցություններ՝ հանուն բանակցությունների եւ ժամանակի անիմաստ կորուստ։ Երկու կողմերն էլ ընդգծել են, որ ցանկանում են հնարավորինս շուտ համաձայնության գալ », – նշել է նա։
Արաղչիի խոսքով՝ հաջորդ հանդիպման ժամանակ կողմերը կարող են սկսել քննարկել «ապագա համաձայնագրի ընդհանուր շրջանակները»։