Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հերքել է տեղեկությունը այն մասին, որ ապրիլի 15–16-ը Անկարայում նախատեսված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում՝ Սեւ ծովում անվտանգության ապահովման հարցերով:
Այդ մասին հայտնել է ուկրաինական ТСН հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սիբիգայի խոսքերին, որը նշել է, որ «նման բան չի պլանավորվել»:
Ավելի վաղ այդպիսի հանդիպման հնարավորության մասին հայտնել էր CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Գերատեսչությունն ավելի ուշ հստակեցրել էր, որ Անկարայում հանդիպմանը կմասնակցեն օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչներ, եւ նախատեսվում է քննարկել ռազմական պլանավորման ծովային հատվածը՝ Սեւ ծովում խաղաղությունը պահպանելու նպատակով:
Սեւ ծովում նավարկության հարցերը շաբաթ օրը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, քննարկել էին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հաքան Ֆիդանը։
2022 թվականի հուլիսին Ստամբուլում Ռուսաստանն ու Ուկրաինան ոչ անմիջական բանակցությունների արդյունքում առանձին համաձայնագրեր կնքեցին ՄԱԿ-ի եւ Թուրքիայի հետ, որն անվանվեց «հացահատիկային գործարք»։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ այդ նախաձեռնությունից՝ պատճառաբանելով, որ արեւմտյան երկրները չեն կատարել պայմանավորվածությունները։
Մարտի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ Սեւ ծովում հրադադարը կդադարեցնի միայն այն դեպքում, եթե հանվեն «Ռոսսելխոզբանկի», ինչպես նաեւ ռուսական սննդամթերք եւ պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի հայտարարությունները որակել էր որպես մանիպուլյացիա։