Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ անցկացված անուղղակի բանակցությունների ընթացքում փորձել է հասնել ամերիկյան պատժամիջոցների մեղմացմանը՝ իր միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Այդ մասին հայտնում են The Wall Street Journal-ի աղբյուրները, որոնք ծանոթ են բանակցությունների ընթացքին։
Պարբերականի արաբ եւ իրանցի բարձրաստիճան աղբյուրների խոսքերով՝ Իրանի ներկայացուցիչները պահանջել են, որ նոր համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը մեղմացնի սահմանած պատժամիջոցները, որոնք պարալիզացրել են երկրի տնտեսությունը։
Բացի այդ՝ Իրանը ցանկանում է ստանալ մուտք արտերկրում սառեցված միլիարդավոր դոլարների նկատմամբ, ինչպես նաեւ պնդում է, որ ԱՄՆ-ը դադարեցնի ճնշումը չինական գնորդների վրա, որոնք իրանական նավթի գնորդներ են։
Ի պատասխան՝ Թեհրանը պատրաստ է վերադառնալու ուրանի հարստացման այն մակարդակներին, որոնք սահմանված էին 2015 թվականի միջուկային համաձայնագրով, հայտնել են WSJ-ի իրանական եւ եվրոպական աղբյուրները։
Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացրին առաջին անուղղակի բանակցությունները։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր կարծիքով բանակցությունները Իրանի հետ ընթանում են լավ։ Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 19-ին Օմանում։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունն աճեց 2018 թվականին, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային համաձայնագրից։ Դրանից հետո Իրանը վերսկսեց ուրանի հարստացման գործընթացը։
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը կարող է մի քանի ամսում միջուկային զենք ստեղծել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա որ Իրանը միջուկային զենք ունենա։ Axios-ի տվյալներով՝ նա Իրանին երկու ամիս ժամանակ է տվել նոր միջուկային համաձայնագիր կնքելու համար, որի հիմնական պահանջն է ռազմական միջուկային ծրագրից լիարժեք հրաժարումը։
Բանակցությունների ֆոնին Սպիտակ տունը Մերձավոր Արեւելքում կրկնապատկում է ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը։ Axios-ի աղբյուրները չեն բացառում, որ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում Դոնալդ Թրամփը կարող է հրամայել հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին կամ աջակցել Իսրայելին, որպեսզի վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ։
Թեհրանը դիտարկում է նաեւ ժամանակավոր համաձայնագրի տարբերակը՝ որպես միջանկյալ քայլ՝ ուղղված դեպի ավելի համապարփակ միջուկային համաձայնություն։ Axios-ը գրում է, որ հաշվի առնելով տեխնիկական դժվարությունները՝ նման լայնածավալ համաձայնագրի ձեռքբերումը երկու ամսում կարող է իրական չլինել։