Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News ամերիկյան հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մինչ Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ որեւէ որոշում ընդունելը այցելել Ուկրաինա՝ «հասկացնելու համար, թե ինչ է արել Պուտինը»։
«Մենք հարգում ենք Ձեր դիրքորոշումը։ Բայց, խնդրում եմ, նախքան որեւէ որոշում կայացնելը կամ բանակցությունների վերաբերյալ ծրագրեր մշակելը այցելե՛ք եւ տեսե՛ք մարդկանց, խաղաղ բնակիչներին, զինվորականներին, հիվանդանոցները, եկեղեցիները, զոհված կամ վիրավորված երեխաներին։ Եկե՛ք, տեսե՛ք, հետո միասին որոշենք, թե ինչպես ավարտենք այս պատերազմը։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք»,- ասել է Զելենսկին՝ դիմելով Թրամփին։
Հարցազրույցը նկարահանվել է Կրիվոյ Ռոգ քաղաքում, որտեղ ապրիլի 4-ին ռուսական հրթիռակոծության հետեւանքով զոհվել էր 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Կիրակի՝ արդեն հարցազրույցի ձայնագրումից հետո, Սումի քաղաքում Ռուսաստանի հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է 34 մարդ։ Սա Ուկրաինայի խաղաղ բնակիչության շրջանում զոհերի ամենամեծ թիվն է 2025 թվականի ընթացքում։ Քաղաքների վրա հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ-ի՝ դեռեւս ուժի մեջ գտնվող հրադադարի առաջարկի ֆոնին, որի շուրջ իր համաձայնությունը տվել էր Ուկրաինան։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երեք տարվա հակամարտության ընթացքում ուկրաինական կողմից զոհվել է շուրջ 100,000 զինծառայող։ Սակայն իրականում այստեղ նշենք, որ ոչ թե Զելենսկին է նման հայտարարություն հնչեցրել, այլ դա CBS հեռուստաընկերության գնահատականն է։ Հեռուստաընկերությունը նաեւ նշում է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր Ուկրաինայում սպանվել է շուրջ 13,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ շուրջ 600 երեխա։ Այս տվյալները հաստատված են ՄԱԿ-ի կողմից։ Գնահատվում է, որ զոհերի իրական թիվը կարող է լինել ավելի բարձր։
Զելենսկին, խոսելով կորուստների մասին, հարցազրույցում չի նշել հստակ թվեր՝ ընդգծելով միայն, որ Ուկրաինան «վճարում է ամենաբարձր գինը»։ Այս տարվա փետրվարին նա հայտնել էր շուրջ 46,000 զոհված զինծառայողի եւ ավելի քան 300,000 վիրավորի մասին։
Ըստ արեւմտյան երկրների հետախուզությունների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կորուստները՝ սպանվածների եւ վիրավորների թվով, հասնում են հարյուր հազարների։ Երկու կողմերն էլ կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում։