Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածությամբ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեսզի հնարավոր լինի հետեւել եւ զսպել այդ լարվածությունը։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Բարոն Լյուքսեմբուրգում սպասվող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։
Le ministre de l’Europe et des Affaires étrangères, M. Jean-Noël Barrot, à son arrivée à la réunion des ministres européens des Affaires étrangères à Luxembourg.
➡️ “S’agissant de l’Azerbaïdjan, je suis très préoccupé par la montée des tensions à la frontière. Je souhaite que… pic.twitter.com/agyf0CG21k
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 14, 2025
Ֆրանսիայի արտգործնախարարի այս հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր էջում հրապարակած գրառման մեջ Փարիզին մեղադրել է «կեղծավորության» համար եւ նշել, որ Հայաստանին մահացու զենք մատակարարելը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հասնելուն։
Բացի այդ՝ Հաջիզադեն նաեւ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի «ստորագրումը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում եւ, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»։
Հիշեցնենք՝ մարտի վերջից սկսած Բաքուն հայկական կողմին մեղադրում է հրադադարի ռեժիմը գրեթե ամեն օր խախտելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեությունները եւ արդեն երկու անգամ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է Խնածախ գյուղը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից Ադրբեջանին կոչ են արել հետաքննել տեղի ունեցածը հրապարակային պարզաբանումներով։