Իտալիան պաշտոնական հարցում է ստացել ապրիլի 19-ին Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կազմակերպելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Corriere della Sera պարբերականը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։ Հանդիպման կոնկրետ ժամանակը և վայրը դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ Axios կայքն էր տեղեկացրել, որ բանակցությունները հնարավոր է տեղափոխվեն Հռոմ։ Լրատվականի տվյալներով՝ Հռոմում կարող է կազմակերպվել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների անձնական հանդիպում՝ ի տարբերություն Օմանի Մասքաթ քաղաքում անցկացված անուղղակի բանակցությունների։
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը՝ ընդգծելով, որ հանդիպումները կշարունակվեն բացառապես միջնորդների միջոցով։
Հիշեցնենք՝ Օմանում ապրիլի 12-ին կայացել էին Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջին բանակցությունները՝ կապված իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցի հետ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպումը անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
Իրանի ԱԳՆ խոսնակ խոսնակ Էսմայիլ Բաղաին կիրակի հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ ոչ Օմանում, սակայն Օմանը կշարունակի իր միջնորդական դերակատարությունը։ Axios պորտալի աղբյուրների համաձայն՝ բանակցությունների անցկացման վայրի փոփոխության նախաձեռնողը եղել է ԱՄՆ վարչակազմը։
Հետաքրքիր է, որ ապրիլի 19-ին Հռոմում պետք է գտնվի նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի գրասենյակը ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո՝ ապրիլի 18-ին, նա բանակցություններ է ունենալու Վենսի հետ։ Իսկ ապրիլի 17-ին Մելոնին Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ Վենսը մտադիր է ապրիլի 20-ին ներկա լինելու Վատիկանում անցկացվելիք Սուրբ Զատկի պատարագին։