Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերափոխվելու քաղաքական կուսակցության։ Այդ մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ շարժումը հայտարարել է, որ դեմ չէ «ՀԱՄԱՍ-ի առանձին առաջնորդների Գազայից հեռանալուն, եթե նրանք [պաղեստինյան անկլավից դուրս] հետապնդման չեն ենթակվելու»։
Հեռուստաալիքը նաեւ նշում է, որ ՀԱՄԱՍ-ը ժամանակ է խնդրել հրադադարի վերջին առաջարկին պատասխանելու համար։ Շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք «պատրաստ են [իսրայելական կողմի հետ] դադարեցնելու ռազմական գործողությունները ցանկացած հնարավոր համաձայնության շրջանակում», բայց միեւնույն ժամանակ շարժումը «երաշխիքներ է պահանջում, որ իսրայելական կողմը կկատարի հնարավոր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ն ուսումնասիրում է Գազայի հատվածում պահվող 10 պատանդներին ազատ արձակելու եւ հակամարտող կողմերի միջեւ առնվազն 45 օրով զինադադար հաստատելու իսրայելական կողմի առաջարկը։ Maan լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելը, որպես թարմացված համաձայնագրի մաս, առաջարկել է վերականգնել հրադադարը Գազայի տարածքում 10 պատանդների, այդ թվում՝ Իսրայելի եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Իդան Ալեքսանդրի ազատ արձակման դիմաց։
Իսրայելի այս վերջին առաջարկի համաձայն՝ 45-օրյա զինադադարի ընթացքում իսրայելական ուժերը պետք է հետ քաշվեն այն տարածքներից, որոնք գրավել էին Գազայում 2025 թվականի մարտին սկսված գործողության ընթացքում: Նույն ժամանակահատվածում Գազայի եւ Իսրայելի սահմանին կբացվեն մի քանի անցակետեր՝ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։
ՀԱՄԱՍ-ի եւ իսրայելական կողմի միջեւ բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Եգիպտոսի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում քննարկվող համաձայնությունները «կարող են հանգեցնել Գազայում պահվող 11 պատանդների ազատ արձակմանը եւ 16 զոհված պատանդների դիերի փոխանցմանը»։
Al Hadath-ի հաղորդմամբ՝ եգիպտական կողմը նշել է, որ կարող է լինել նման հնարավորություն, որ «համաձայնեցված հրադադարի ժամկետը հասցվի 70 օր, ինչը թույլ կտա պահպանել հանգիստ իրավիճակը Գազայում մինչեւ մուսուլմանական զոհաբերության տոնի ավարտը (Էիդ ալ-ահդա)», որը տեղի կունենա այս տարի հունիսի սկզբին։ Բացի այդ՝ հրադադարի երկարաձգումը հնարավորություն կտա անուղղակի բանակցություններ սկսելու ՀԱՄԱՍ-ի եւ իսրայելական կողմի միջեւ ռազմական գործողությունների մշտական դադարեցման եւ Գազայից իսրայելական ուժերի դուրսբերման համաձայնագրի երրորդ փուլի շուրջ։
Մարտի 8-ին իսրայելական բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից հրադադարի վերաբերյալ ներկայացրած առաջարկներից հրաժարվելով՝ նշելով, որ Գազայում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։ ՀԱՄԱՍ-ը հրադադարի խախտման համար մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին։