Հայաստանը պետք է ինչ-որ պահի ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Այդ մասին ռուսական «Известия»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինը։
Նա կրկին նշել է վերջին շրջանում Մոսկվայի կողմից հաճախ շրջանառվող այն թեզը, թե միաժամանակյա անդամակցություն ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային ու սակագնային կարգավորումներ, եւ դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են։
Ըստ Գալուզինի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը ակնհայտ առավելություններ է տվել, որն արտահայտվում է առաջին հերթին երկրի ՀՆԱ-ի շուրջ 6% աճով:
«Մյուս կողմից՝ ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար։ Սա պահանջների եւ չափանիշերի մի շարք է՝ մուտքի անհասկանալի հեռանկարով։ Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երեւանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում՝ Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից»,- նշել է փոխարտգործնախարարը։
Գալուզինի գնահատմամբ՝ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ ունեցածից։
«Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Այն բաղկացած է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու եւ մեր երկիրը թուլացնելու առանց այն էլ մոլագար ցանկությունից՝ արգելափակելու ցանկացած գործողություն, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, խաղաղության հասնելուն, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերից»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին, իսկ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ՝ մարտի 26-ին։
«Եվրաքվեի» այս նախագիծը դեռեւս հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի հետեւանքով նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել էր հունվարի 24-ին:
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: