«Ուրվագծվում է» Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ կայացած հանդիպումը։
«Սա արդեն երրորդ հանդիպումն է նրա հետ։ Վերջին հանդիպումը տեւեց մոտ հինգ ժամ։ Այդ պահին սենյակում ներկա էին նրա երկու հիմնական խորհրդականները՝ [Յուրի] Ուշակովը եւ Կիրիլ Դմիտրիեւը։ Հանդիպումն իրականում շատ հետաքրքիր էր, եւ ի վերջո մենք եկանք միասնական կարծիքի»,- ասել է Ուիթքոֆը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին «ժամանակ էր պետք», որպեսզի հասնեին այդ կետին։
Նրա խոսքերով՝ Պուտինի պահանջը մշտական խաղաղություն ունենալն է։
«Խաղաղության համաձայնագիրը վերաբերում է, այսպես կոչված, հինգ տարածքներին, բայց կա նաեւ շատ ավելին։ Կան անվտանգության արձանագրություններ […]։ Կարծում եմ, բազմաթիվ մանրամասներ կապված են դրա հետ։ Դա բարդ իրավիճակ է, որի հիմքում երկու երկրների միջեւ առաջացած իրական խնդիրներն են։ Եվ ես կարծում եմ, որ մենք, հնարավոր է, կանգնած ենք մի բանի շեմին, որը շատ, շատ կարեւոր կլինի ամբողջ աշխարհի համար։ Բացի այդ՝ ես հավատում եմ, որ կա հնարավորություն փոխելու Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները՝ շնորհիվ շահավետ առեւտրային հնարավորությունների, որոնք, իմ կարծիքով, իրական կայունություն կապահովեն տարածաշրջանում։ Գործընկերությունը կայունություն է ստեղծում»,- ասել է Ուիթքոֆը։
Սթիվ Ուիթքոֆը չմանրամասնեց, թե որ հինգ տարածքների մասին է խոսքը։ Հնարավոր է՝ նա նկատի ունի Ուկրաինայի այն հինգ շրջանները, որոնց նկատմամբ Ռուսաստանն իր հավակնություններն է հայտարարել դեռեւս 2014 թվականից սկսած։
Reuters գործակալությունը նախկինում գրել էր, որ Ուիթքոֆը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը Ուկրաինայի օկուպացված եւ անեքսիայի ենթարկված չորս շրջանները Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելն է։ Վլադիմիր Պուտինը մինչ այդ պահանջել էր, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի տարածքներից։ Բացի այդ՝ կա նաեւ Ղրիմի հարցը, որը անեքսիայի է ենթարկվել դեռ 2014 թվականին։
Սթիվ Ուիթքոֆը եւ Վլադիմիր Պուտինը երկու ամսվա ընթացքում երրորդ հանդիպումը անցկացրին ապրիլի 11-ին։ Հանդիպումը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ Բորիս Ելցինի անվան Նախագահական գրադարանի շենքում։ Հանդիպումից առաջ Ուիթքոֆը առանձին բանակցություններ էր վարել ՌԴ նախագահի ներդրումային եւ տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ։ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից հետո Կրեմլում կոչ են արել բանակցություններից «անմիջական արդյունքներ» չսպասել։