Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Իրանի եւ նրա պրոքսի ուժերի կողմից տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար սպառնացող վտանգները։ Նրանք համաձայնել են հակաահաբեկչական համագործակցության եւ ՆԱՏՕ-ի ամրապնդման կարեւորության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Իրանին ենթակա պրոքսի ուժեր համարվում են տարածաշրջանում գործող, այսպես կոչված, «Դիմադրության առանցքի» խմբավորումներն ու շարժումները, որոնք իրենց գլխավոր նպատակն են համարում իսրայելական օկուպացիայից Պաղեստինի ազատագրումը։
«Դիմադրության առանցքը» ներառում է Լիբանանի «Հեզբոլլահ», Պաղեստինի ՀԱՄԱՍ եւ «Իսլամական Ջիհադ» շարժումները, Իրաքի իսլամական դիմադրության ուժերը, ինչպես նաեւ Եմենի հութի ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը: Մինչեւ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը Դամասկոսը նույնպես աջակցում էր «Դիմադրության առանցքին»:
Վերոնշյալ բոլոր շարժումներն ու կառույցները ահաբեկչական են համարվում ԱՄՆ-ում։