Երեւանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել մեիեւնույն ժամանակ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։
Նշենք, որ ադրբեջանական կողմը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու նախապայման է առաջ քաշում, որոնցից մեկը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարում, մյուսը ՀՀ Սահմանադրության փոփոխություն, որն՝ ըստ Բաքվի, տարածքային հավակնություններ է ներառում Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնելով Բաքվի վերոնշյալ նախապայմանների մասին Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարուման պայմանը «հասկանալի օրակարգ է Հայաստանի համար»։
«Ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ: Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն եւ ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ: Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,-ասել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ սա պաշտոնական առաջարկ է:
Անդրադառնալով Բաքվի մյուս պահանջին՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի մայր օրենքի «տեքստի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանը»:
Վարչապետը այս համատեքստում հիշեցրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որի համաձայն Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։