ԱՄՆ վարչակազմի ներսում տարբեր տեսակետներ կան Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ առավելապես առաջնորդվում է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի կարծիքով։ Այդ մասին երեքշաբթի գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ վարչակազմի բոլոր անդամներն աջակցում են Թրամփի գաղափարին Ուկրաինայում պատերազմի հնարավորինս արագ ավարտի անհրաժեշտության վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ կան տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչպես պետք է հասնել այդ նպատակին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, ըստ հաղորդման, հանդես են գալիս ավելի կոշտ դիրքորոշման օգտին՝ կապված Մոսկվայի տարածքային զիջումների պահանջների հետ, եւ համոզում են Թրամփին լինել զգուշավոր ու սկեպտիկ Ռուսաստանին վերաբերող դիրքորոշման հարցում։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփը ավելի հակված է վստահելու Սթիվեն Ուիթքոֆին, որը ուղիղ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ WSJ-ի հաղորդմամբ՝ Ուիթքոֆը համոզված է, որ Պուտինը անկեղծորեն ցանկանում է ավարտել պատերազմը, եթե Ուկրաինան գնա զիջումների։
Reuters-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Ուիթքոֆը Թրամփին հայտնել է, թե Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը Ռուսաստանի վերահսկողության ճանաչումն է այն չորս ուկրաինական շրջանների նկատմամբ, որոնց անեքսիայի մասին Մոսկվան հայտարարել է դեռեւս 2022 թվականի սեպտեմբերին։
Երկուշաբթի, մեկնաբանելով Պուտինի հետ անցած շաբաթ ունեցած բանակցությունները, Ուիթքոֆը նշել է, որ քննարկվել են քայլեր, որոնք «կարող են վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»։ Նա կրկին ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի բանալին «հինգ տարածքների» հարցում է (հինգերորդը, ամենայն հավանականությամբ, բռնակցված Ղրիմն է)։ «Մենք կարող ենք լինել մի բանի շեմին, որը շատ, շատ կարեւոր կլինի ամբողջ աշխարհի համար»,- մեջբերում է Bloomberg-ը Ուիթքոֆի խոսքերը, որը նաեւ նշել է, որ Պուտինը նրան համոզել է իր՝ «մշտական խաղաղության ձգտման» մեջ։
Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ձգտում է խաղաղության, սակայն իր պայմաններով, որոնց թվում են ոչ միայն Ուկրաինայի հրաժարումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի շրջաններից եւ Ղրիմի թերակղզուց, այլեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։