Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները Թեհրանին առաջարկել են հարստացված ուրանի պաշարները փոխանցել որեւէ երրորդ երկրի, օրինակ՝ Ռուսաստանին։ Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։
«Այս հարցը, որը համարվում է ապագա համաձայնագրի հիմնական խոչընդոտներից մեկը, բարձրացվել է նախնական, հիմնականում անուղղակի բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Օմանի մայրաքաղաք Մասքաթում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի եւ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջեւ»,- նշված է The Guardian-ի հրապարակման մեջ։ Թերթը, սակայն, չի մանրամասնում իր տեղեկատվության աղբյուրները։
ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանում։ Իրանի պատվիրակությունը ներկայացրել է արտգործնախարար Աբբաս Արաքչին, իսկ ԱՄՆ-ի կողմը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Հանդիպումը տեւել է ավելի քան երկուսուկես ժամ, որի ընթացքում կողմերը փոխանակվել են Իրանի միջուկային ծրագրի եւ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հարցում ունեցած դիրքորոշումներով։
2018 թվականին Թրամփը, հիմնվելով Իրանի միջուկային ծրագրի զարգացման մասին հետախուզական տվյալների վրա, միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ը համաձայնագրից, եւ այդ ժամանակվանից Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունները դադարեցին։ Իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «ստիպված կլինի ինչ-որ բան անել», քանի որ «նա չի կարող ունենալ միջուկային զենք»։ Իր հերթին Իրանը հայտարարել է, որ չի խախտել որեւէ պարտավորություն եւ չի ձգտում միջուկային զենք ստեղծելու։
Մարտի 7-ին Թրամփը հայտնեց, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Մարտի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ երկիրը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններից, ինչի մասին նշվել է Ալի Խամենեիի՝ Թրամփին ուղղված պատասխան նամակում։
Axios-ի հաղորդմամբ՝ մարտի սկզբին Իրանի առաջնորդին ուղղված նամակում Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել նոր միջուկային գործարք կնքելու համար, սակայն հստակ չէր նշվել, թե որ պահից է սկսվում այդ ժամկետի հաշվարկը։