Ֆրանսիայում ապրիլի 15-ի գիշերը մի շարք բանտեր ենթարկվել են հարձակումների։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում «կան անձնակազմին ահաբեկելու փորձեր՝ սկսած մեքենաների հրկիզումից մինչեւ ավտոմատ զենքերից արձակված կրակոցներ»։
Ինչպես հաղորդում է BFMTV-ն, նախորդ գիշեր Լյուինում (Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտ) եւ Վալանսում (Դրոմ դեպարտամենտ) հրկիզվել են բանտերի մերձակայքում կայանված ավտոմեքենաները, իսկ Տուլոնում (Վար դեպարտամենտ) տեղական բանտի դարպասների ուղղությամբ անհայտ անձինք կրակ են բացել «Կալաշնիկով» ավտոմատից։
Բացի այդ՝ հաղորդվում է նաեւ Փարիզի մերձակայքի Նանտեր (Օ-դը-Սեն դեպարտամենտ) եւ Վիլպենտ (Սեն-Սեն-Դենի դեպարտամենտ) քաղաքների, ինչպես նաեւ Նիմ քաղաքի (Գար դեպարտամենտ) բանտերի վնասման դեպքերի մասին։
Մարսելում եւս մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել։ Դրանց կողքին հանցագործները թողել են DDPF գրությամբ նշումներ, որը հապավում է եւ նշանակում է «Ֆրանսիացի կալանավորների իրավունքների համար» (Droit des prisonniers français)։
«Ես ուղեւորվում եմ Տուլոն՝ աջակցություն ցուցաբերելու բանտերի աշխատակիցներին։ Ֆրանսիայի Հանրապետությունը բախվում է թմրամիջոցների անօրինական շրջանառությանը եւ ձեռնարկում է քայլեր՝ լիովին վերացնելու հանցավոր ցանցերը»,- գրել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը X սոցիալական ցանցում։
BFMTV-ի աղբյուրների համաձայն՝ բանտերի վրա հարձակումները համակարգված են եղել։ Նրանց տվյալներով՝ հարձակումների այս շարքն իրականացվել է որպես պատասխան քայլ թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար խիստ ռեժիմով բանտեր կառուցելու Ֆրանսիայի իշխանությունների ծրագրերին։