Եվրամիության երկրների արտգործնախարարները երեկ՝ ապրիլի 14-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։ Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, սակայն, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը։
Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաեւ անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաեւ Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո, սակայն, եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:
«Այսօրվա բանակցություններից հետո դեռ որեւէ առաջընթաց չի արձանագրվել»,- հաղորդում են «Ազատության» աղբյուրները։