Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 15-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵՄ պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից պաշտպանական եւ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պաշտպանության եւ ռազմական արտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները եւ դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։
ԱԽ քարտուղարը նաեւ գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարեւորելով այն Հայաստանի դիմակայության բարձրացման տեսանկյունից: