Թուրքիայում ընթանում է Սեւ ծովի անվտանգության հարցերին նվիրված հանդիպում, որին մասնակցում են, այսպես կոչված, «ցանկացողների կոալիցիայի» ներկայացուցիչները։ Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկու խոսքերով՝ Թուրքիայում բանակցություններին մասնակցում են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի պատվիրակությունները եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ «Ցավոք, սա պատերազմի դադարեցման մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչ կլինի հրադադարի հաստատումից հետո։ Անվտանգության երաշխիքների մի մասը կազմում է Սեւ ծովում ռազմական ուժերի ներկայությունը»,- մեջբերում է Վլադիմիր Զելենսկուն «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ նման հանդիպումներ արդեն բավականին շատ են եղել։ Զելենսկու կարծիքով՝ Թուրքիան կարող է կարեւոր դեր ունենալ Սեւ ծովում ապագա անվտանգության երաշխիքների ապահովման գործում։
Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հաղորդել էր, որ ապրիլի 15-16-ին նախատեսված Սեւ ծովում նավարկության անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությանը Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն մասնակցի։ Մինչ այդ CNN Turk-ը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ հանդիպումը պետք է անցկացվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունների մակարդակով, իսկ Անկարան հանդես է գալիս որպես բանակցությունների կազմակերպիչ եւ միջնորդ։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հերքել էր այս տեղեկությունները։
2022 թվականի հուլիսին Ստամբուլում Ռուսաստանը եւ Ուկրաինան առանձին պայմանագրեր կնքեցին ՄԱԿ-ի հետ Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ, այսպես կոչված, «հացահատիկային նախաձեռնությունից»՝ պատճառաբանելով, որ արեւմտյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները։
2025 թվականի մարտի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ Սեւ ծովում կրակի դադարեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հանվեն Ռոսսելխոզբանկից ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս հայտարարություններն անվանեց մանիպուլյացիա։
Այսպես կոչված «կամավորների կոալիցիան» միավորում է այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի կնքումից հետո։ Այս միավորման կազմում են շուրջ 30 պետություն՝ ներառյալ ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Կանադան եւ Ավստրալիան։ ԱՄՆ-ը այս խմբում ընդգրկված չէ։ Մի շարք երկրներ հայտնել են Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու պատրաստակամության, իսկ մյուսները՝ այլ ձեւով աջակցություն ցուցաբերելու մասին։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան համարվում են այս կոալիցիայի ոչ պաշտոնական առաջնորդները։