ԱՄՆ-ը Իսրայելին տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկա երկու ամիսների ընթացքում զորքերի փուլային դուրսբերում սկսել Սիրիայի տարածքից։ Այդ մասին հայտնում է իսրայելական Ynet-ը։
Լրատվականի տվյալներով՝ Իսրայելը փորձել է կանխել այս որոշումը, սակայն Վաշինգտոնը հստակեցրել է, որ իր ծրագրերը չի փոխելու։ Չնայած սրան՝ իսրայելցի զինվորականները շարունակում են ջանքեր գործադրել, որ ԱՄՆ-ը վերանայի այս որոշումը։
Բարձրաստիճան աղբյուրը լրատվականին նշել է, որ քննարկվող տարբերակներից մեկը ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումն է։ Իսրայելը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայության թուլացումը կամ բացակայությունը կարող է տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը։
NBC News-ը դեռեւս 2025 թվականի փետրվարին էր հաղորդել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սիրիայից բոլոր զորքերը դուրս բերելու ծրագրեր է մշակում։ Պենտագոնի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Սիրիայում գտնվել է շուրջ երկու հազար ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ-ի հիմնական առաքելությունն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը եւ Վաշինգտոնի դաշնակիցներին, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորմանն աջակցելը։