Ապրիլի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այցելել է Օդեսա՝ վերահաստատելով դաշինքի հաստատուն աջակցությունը Կիեւին։
«ՆԱՏՕ-ն մնում է Ուկրաինայի կողքին։ Մենք ձեզ հետ ենք եւ գիտենք, որ միշտ այդպես է եղել։ Ես նաեւ գիտեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի աջակցությունը կասկածի տակ է դրվել։ Բայց թող ոչ մի կասկած չլինի։ Մեր աջակցությունը հաստատուն է»,- ընդգծեց Ռյուտեն այցի ընթացքում։
Զելենսկին էլ ասուլիսի ժամանակ պատմել է, որ ինքը եւ Ռյուտեն այցելել են հոսպիտալում ապաքինվող ուկրաինացի զինծառայողներին։ Ուկրաինայի նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ի թիվս այլ հարցերի քննարկել են հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ «Բոլորը տեսնում են, թե Ուկրաինայի համար որքան սուր է հակաօդային պաշտպանության համակարգերի եւ դրանց համար նախատեսված հրթիռների կարիքը։ Մենք հույս ունենք, որ մեր հակաօդային պաշտպանության վերաբերյալ պայմանավորվածությունները Եվրոպայի եւ Ամերիկայի մեր գործընկերների հետ կիրականացվեն»,- նշել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում Ուկրաինայում հրադադար հաստատելու շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքների մասին խոսելիս Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը վերջապես պարզել է, թե ինչ պահանջներ ունի ռուսական կողմը «մշտական խաղաղության» հաստատման համար: Ըստ նրա՝ դա վերաբերում է «այսպես կոչված հինգ տարածքներին, սակայն կան նաեւ շատ այլ ասպեկտներ»: