Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Անդրադառնալով համապատասխան հարցին՝ վարչապետը կրկնել է Անկախության հռչակագրի մասին օրվա ուղերձում նշած այն միտքը, թե նորից ուսումնասիրելով ու կարդալով Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը՝ համոզվել է, որ դա անկախ պետություն եւ պետականություն չունենալու մասին է։
«Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե կողմ եւ դեմ փաստարկներ բերողները քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել երկրի Սահմանադրությունը՝ պնդելով, որ դրանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման դրույթը։ Բաքուն սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն է դիտարկում։
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին գործ է, եւ որ դրանում որեւէ տարածքային պահանջ չկա հարեւանների նկատմամբ։
Ավելին՝ այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ նաեւ հիշեցրեց, որ երկրի Սահմանադրության փոփոխության հարցը իր Կառավարության օրակարգում եղել է դեռեւս 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Ըստ ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրություն անհրաժեշտ է, քանի որ «իրավակարգի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ օրագանական կապի խզում» կա։
«Իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել, այլ կերպ ասած՝ հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են»,- ասել է վարչապետը: