Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին Բաքվում այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Մենք հավատում ենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում։ Ես եւս մեկ անգամ հայտարարում եմ Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ գործընթացին»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։
Կավելաշվիլին նաեւ նշել է, որ Վրաստանը միշտ եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ակտիվ ջատագովը։
Ալիեւն էլ, խոսելով տարածաշրջանի էներգետիկ հնարավորությունների մասին, հայտարարել է, որ անհնար է առանց Վրաստանի եւ Ադրբեջանի պատկերացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
«Ներկայում Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկիր, այդ թվում՝ Վրաստան, եւ այդ արտահանումն իրականացվում է Վրաստանի տարածքով»,- նշել է Ալիեւը՝ ընդգծելով, որ տրանսպորտի եւ կապի ոլորտում ձեռքբերումները, նոր երկաթուղիների եւ նավահանգիստների կառուցումը մեծ ներուժ են ստեղծել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում եւ դարձել Միջին միջանցքի անբաժանելի մասը։
Սպասվում է, որ Վրաստանի նախագահ Կավելաշվիլին ապրիլին կայցելի նաեւ Հայաստան։